Թուրքիայի պետական խորհուրդը՝ վարչական գործերով բարձրագույն դատական ատյանը, հաստատել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմն անվավեր ճանաչելու որոշումը։ Այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։

Դատարանը քննել և մերժել է Իմամօղլուի վճռաբեկ բողոքը, քանի որ նախկինում ընդունված որոշումները բեկանելու հիմքեր չի գտել։ Այսպիսով, վարչական դատարաններում դիպլոմն անվավեր ճանաչելու որոշման բողոքարկման ընթացակարգն ավարտվել է։ Որոշման մասին պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո Իմամօղլուն կկարողանա դիմել միայն Սահմանադրական դատարան։

Բարձրագույն կրթության դիպլոմի բացակայությունը Իմամօղլուին զրկում է Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից։ Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթությունն ավարտած լինելը հավաստող փաստաթուղթ։

2025 թվականի մարտին Ստամբուլի համալսարանի ղեկավարությունը որոշել էր անվավեր ճանաչել 28 անձի, այդ թվում՝ Իմամօղլուի դիպլոմները՝ վկայակոչելով դրանց տրամադրման ժամանակ թույլ տրված խախտումները։ Իմամօղլուի դեպքում հայտնաբերվել էին Հյուսիսային Կիպրոսի բուհից Ստամբուլի համալսարան նրա տեղափոխման ոչ իրավաչափ լինելը հաստատող ապացույցներ։ Նախկին քաղաքապետն այդ որոշումը վիճարկել էր դատարանում, սակայն նրա հայցը մերժել էր նախ առաջին ատյանի դատարանը, ապա՝ վերաքննիչ դատարանը։

NTV-ի հաղորդմամբ՝ Իմամօղլուի դիպլոմի վերաբերյալ տեղեկությունները հեռացվել են Ստամբուլի համալսարանի տվյալների բազայից և e-Devlet պետական էլեկտրոնային համակարգից։