Սույն թվականի նոյեմբերի 25-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀԾԿՀ նիստ, քննարկվել են «Էներգետիկայի մասին» օրենքից բխող էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները։
Մասնավորապես, սահմանվել են էներգիայի պահեստավորման գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարգավորումները, պահեստավորողների իրավունքներն ու պարտականությունները, գնման երաշխիքով և մրցակցային պայմաններով պահեստավորման գործունեության տարբերակումը, պահեստավորման ծառայության սակագնի ձևավորման ու վճարման կանոնները և պահեստավորման լիցենզիաների տրամադրման ընթացակարգը (այդ թվում՝ մրցութային եղանակով)։
Պահեստավորող կայանների ներառումը համակարգի պլանավորման և կարգավարման գործընթացներում պայմաններ կստեղծի էլեկտրաէներգետիկական համակարգի ճկունության, անվտանգության ու հուսալիության բարձրացման համար։
Ենթաօրենսդրական ակտերի փաթեթը մշակվվել է Եվրոպայի էներգետիկայի կարգավորողների խորհրդի (CEER) կողմից ֆինանսավորվող EU4Energy ծրագրի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող Հելվետաս Շվեյցարական Համագործակցությամբ իրականացվող RECONOMY ծրագրի շրջանակում՝ «Կինետիք» ընկերության աջակցությամբ։





























