Նորվեգիայի պաշտպանության նախարար Տուրե Օ. Սանդվիկը և նրա ուկրաինացի գործընկեր Եվգենի Խմարան ուկրաինական DELTA մարտական թվային էկոհամակարգի փորձարկման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Օսլոյում։ Այս մասին հայտնել է Նորվեգիայի կառավարությունը։

Հուշագիրը Նորվեգիային հնարավորություն է տալիս փորձարկել DELTA հարթակը, սակայն չի նախատեսում երկրների միջև օպերատիվ տվյալների փոխանակում։

«Սա փոխադարձ համագործակցության օրինակ է։ Նորվեգիան կարող է յուրացնել Ուկրաինայի փորձը, և մենք միասին զբաղվում ենք համատեղ մշակումներով։ Նորվեգիայի աջակցությունը կարևոր է Ուկրաինայի համար, սակայն այդ աջակցության շնորհիվ մենք նաև ամրապնդում ենք Նորվեգիայի պաշտպանական ներուժը։ Երկարաժամկետ հեռանկարում այս համագործակցությունը կնպաստի մեր պաշտպանական ներուժի և Նորվեգիայի տարածքում գործելու պատրաստվածության ամրապնդմանը», — այսպես է Նորվեգիայի նախարարը մեկնաբանել հուշագրի ստորագրումը։

DELTA-ն տվյալների վերլուծության հարթակ է՝ նախատեսված իրադրության գնահատման և մարտական գործողությունների կառավարման համար։

Հարթակը հավաքում և մշակում է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հետախուզությունից և դիտարկումներից ստացվող տվյալները։ Դրանք օգտագործվում են, մասնավորապես, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններում իրական ժամանակում քարտեզներ և իրադրության ընդհանուր պատկեր ստեղծելու համար։ Այժմ համակարգն օգտագործում են Ուկրաինայի զինված ուժերը։