Շուրջ 5 տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ողջ աշխարհից հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դեմ են արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում Ադրբեջանի հնարավոր թեկնածության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է. «Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք՝ արտահայտելու մեր վճռական անհամաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում Ադրբեջանի հնարավոր թեկնածության վերաբերյալ, և կոչ ենք անում մասնակից պետություններին արգելափակել նման ցանկացած որոշում։
Ադրբեջանի կառավարությունը հուսալի գործընկեր չէ անվտանգության, բնապահպանության կամ մարդու իրավունքների ոլորտներում և համապատասխան չէ կազմակերպությունը նախագահելու համար:
Կազմակերպությունը ավտորիտար կառավարության ձեռքը հանձնելը լրջորեն կասկածի տակ կդնի մի կառույցի լեգիտիմությունն ու վստահելիությունը, որի առաքելությունն է խթանել անվտանգության համապարփակ մոտեցումը, որի հիմնասյուներից մեկը մարդու իրավունքներն են։ Ադրբեջանական իրավապաշտպան խմբերի փաստագրմամբ՝ անազատության մեջ է գտնվում ավելի քան 300 քաղբանտարկյալ, իսկ տասնյակ քաղաքացիական ակտիվիստներ ազատազրկվել են իրենց օրինական իրավապաշտպան և լրագրողական գործունեության, այդ թվում՝ արտերկրում ծավալած աշխատանքի դիմաց վրեժխնդրության նպատակով։
Այս համատեքստում մենք հորդորում ենք մասնակից պետություններին մերժել ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն։





























