Իրանը զգալիորեն բարձրացրել է զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և ուժեղացրել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աքրամինիան՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական, քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Թեհրանի վրա, հաղորդում է Mehr-ը։

Ելույթ ունենալով Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարների, զինծառայողների և աշխատակիցների առջև՝ Աքրամինիան ընդգծել է զինված ուժերի՝ այդ թվում բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մարտական պատրաստվածության հետագա բարձրացման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ բանակի պատրաստվածության մակարդակը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է։

Բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Հաթամիի հրահանգի համաձայն՝ ներկայումս ուժեղացվել են Հորմուզի նեղուցի վերահսկողությունն ու դիտարկումը, ընդգծել է Աքրամինիան։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը խիստ վերահսկողություն է հաստատել Պարսից ծոցի այս ռազմավարական կարևորություն ունեցող ջրային ուղու նկատմամբ։ Գեներալի խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրադրությունը և նավերի չարտոնված տեղաշարժը, առանց Իրանի զինված ուժերի հետ համաձայնեցման նեղուցով անցնելը հղի է բարձր ռիսկերով։

«Այս ջրային ուղով առանց զինված ուժերի հետ համակարգման անցնող նավերը ենթարկվում են մեծ վտանգի և պայթում են ծովային ականների բախվելիս»,- հայտարարել է բանակի ներկայացուցիչը։

Նա նավատերերին կոչ է արել պահպանել սահմանված պահանջները՝ նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար։ «Մենք կրկին ընդգծում ենք, որ Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար նավերը պետք է սահմանված կարգով համակարգեն իրենց գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ»,- ասել է Աքրամինիան։

Նրա խոսքով՝ Իրանն ամրապնդել է նաև պաշտպանական հնարավորություններն ու դիտարկման համակարգերը ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։ Դրան հաջողվել է հասնել նոր մարտական համակարգերի ներդրման, գործող համակարգերի արդիականացման և իրանական բանակի մարտական կառուցվածքի ուժեղացման շնորհիվ։

Աքրամինիան հավելել է, որ Հորմուզի նեղուցի դիտարկման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն։

Գեներալը նաև հայտարարել է, որ Իրանի հակառակորդների նպատակները դուրս են եկել միջուկային ծրագրի, տարածաշրջանային քաղաքականության և հրթիռային սպառազինության հարցերի շրջանակից։

Նրա խոսքով՝ տոկունության և ձեռնարկված արդյունավետ միջոցների շնորհիվ Թեհրանը թույլ չի տվել հակառակորդներին իրագործել իրենց ծրագրերը։

Աքրամինիան շարունակվող դիմակայությունը բնութագրել է որպես ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներ ընդգրկող հիբրիդային պատերազմ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի հետ դիմակայության մեջ կիրառում է ճնշման բոլոր երեք գործիքները։