Հորդանանի դատարանը չորեքշաբթի մահապատժի է դատապարտել մի տղամարդու, որը մեղավոր է ճանաչվել նոյեմբերի սկզբին Ամմանում ոստիկանի սպանության համար, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին՝ Շրի Լանկայի դեսպանատան մոտ։ Դանակով զինված հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։

Դատավորն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել «մարդու մահվան հանգեցրած ահաբեկչական գործողություններ կատարելու», ինչպես նաև «զենքի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու» համար։

Հարձակումից հետո Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է պայքարը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ։

«Հորդանանը չի նահանջի ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում և ոչ ոքի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը կամ վնաս պատճառել իր քաղաքացիներին»,- ասվում էր թագավորական արքունիքի հայտարարության մեջ։

Հարձակումը տեղի է ունեցել Քարաք քաղաքի եկեղեցում կատարված զանգվածային հրաձգությունից մոտ երկու շաբաթ անց, որի հետևանքով ինը մարդ էր զոհվել, ավելի քան 25-ը՝ վիրավորվել։

Այս ամիս եկեղեցու վրա հարձակման մեջ մեղավոր ճանաչված երեք ամբաստանյալներ ևս մահապատժի են դատապարտվել։