Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ընթացքում կհայտնի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ իր որոշման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի՝ Մոսկվա այցին։
«Մենք առայժմ դա չգիտենք, դրա մասին անհրաժեշտ կլինի հարցնել Փաշինյանին։ Կարծում եմ՝ երբ նա լինի Մոսկվայում, հենց այդ ժամանակ էլ կհայտնի՝ կմասնակցի՞ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե՞ ոչ»,- ասել է Պեսկովը «Вести» տեղեկատվական ծառայությանը՝ պատասխանելով ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին հարցին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին ԱՊՀ իր գործընկերներին հրավիրել էր Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ավանդական նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 21-ին։





























