Ռուսաստանը ձգտում է ստանալ ավելին, քան միայն Ուկրաինան, ուստի Գերմանիան պետք է շարունակի աջակցել Կիևին։ Չորեքշաբթի Բունդեսթագում ելույթ ունենալով երկրի 2027 թվականի բյուջեի քննարկման ժամանակ դրա մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է dpa-ն։
«Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում»,- ընդգծել է Մերցը՝ պատասխանելով ընդդիմության քննադատությանը, որի ներկայացուցիչները կարծում են, որ Բեռլինը չափազանց շատ միջոցներ է ծախսում Կիևին աջակցելու համար։
«Նա, ով դա չի հասկանում, չի հասկանում ժամանակակից աշխարհը կամ բոլորովին այլ նպատակներ է հետապնդում՝ կապված մեր երկրի ազատության, բաց լինելու և լիբերալիզմի հետ»,- հավելել է կանցլերը՝ դիմելով ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Ձախեր» կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք դեմ են Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինային աջակցելուն։
Ըստ Մերցի՝ Ռուսաստանը գնալով ավելի է սրում իրավիճակը Բալթյան տարածաշրջանում, Լեհաստանում, Սև ծովի շուրջ և տիեզերքում, ինչպես նաև անմիջապես Գերմանիայի տարածքում՝ «նույնիսկ մարդկային կյանքերի գնով»։
Այդ համատեքստում կանցլերը հիշատակել է օգոստոսին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու թռչող սարքի հայտնաբերումը։ Բեռլինն այդ միջադեպի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա։
«Ուստի մենք՝ եվրոպացիներս, պետք է Ռուսաստանին ցույց տանք թույլատրելիի սահմանները։ Մենք դա կանենք և պարտավոր ենք անել»,- հայտարարել է Մերցը։
Նա միաժամանակ նշել է, որ Ուկրաինային աջակցող «Ցանկացողների կոալիցիայի» անդամ երկրներն անցած շաբաթ Բեռլինում անցկացված հանդիպման ժամանակ վերահաստատել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը։
Ըստ կանցլերի՝ քննարկումներին մասնակցել են նաև ԱՄՆ ներկայացուցիչները, որոնք, նրա գնահատմամբ, ակնհայտորեն զարմացած էին այդ հարցում եվրոպական երկրների միասնությունից։
Մերցն ընդգծել է, որ այդ միասնությունը հնարավորություն է ընձեռում զգուշավոր լավատեսությամբ նայել խաղաղության՝ «իսկական խաղաղության» հասնելու հեռանկարներին։





























