Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, հաղորդում է Anadolu-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Անկարայի նախագահական համալիրում՝ փակ դռների հետևում։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սելչուք Բայրաքթարօղլուն, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Բանակցությունների մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվել։

Նույն օրը՝ ավելի վաղ, Հաֆթարն ու նրա պատվիրակությունը բանակցություններ են վարել Թուրքիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Հաֆթարն Անկարա է ժամանել Էրդողանի հրավերով։ Սա նրա առաջին պաշտոնական այցն է Թուրքիա։

Այցը տեղի է ունենում Լիբիայի տարբեր քաղաքական և ռազմական ուժերի հետ Անկարայի շփումների ակտիվացման պայմաններում։ Երկիրը շարունակում է բաժանված մնալ Տրիպոլիում տեղակայված Ազգային միասնության կառավարության և Հաֆթարի ուժերի վրա հենվող արևելյան վարչակազմի միջև։ Թուրքիան նախկինում աջակցում էր երկրի արևմուտքի իշխանություններին, սակայն վերջին տարիներին ընդլայնում է շփումները նաև Լիբիայի արևելյան կառույցների հետ։

Սպասվում է, որ դեկտեմբերի 8–9-ին Էրդողանը կայցելի Տրիպոլի՝ մասնակցելու Թուրքիա–Աֆրիկա գործընկերության գագաթնաժողովին։ Եթե այցը տեղի ունենա, դա կլինի նրա առաջին այցը Լիբիա վերջին 15 տարվա ընթացքում։