Եվրոպական թիմը կմասնակցի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին։ Դրա մասին Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Վերջին շաբաթներին մենք խաղաղ բանակցություններում նոր թափ ենք նկատում։ Եվրոպական ուժեղ թիմը կմասնակցի բանակցությունների հաջորդ փուլին»,- ասել է նա։

Ըստ ֆոն դեր Լյայենի՝ Ուկրաինայի անվտանգությունն ուղղակիորեն ազդում է Եվրոպայի անվտանգության վրա։

ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել Կիևին և պաշտպանել սեփական շահերը, իսկ բանակցությունների առաջընթացը կգնահատի Ռուսաստանի գործողություններով, ոչ միայն նրա հայտարարություններով։

Եվրահանձնաժողովի ղեկավարը միաժամանակ Մոսկվային կոչ է արել համաձայնել ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ կրակի դադարեցմանը և այնպիսի զինադադարի, որը կապահովի պարենային բեռների անվտանգ անցումը Սև ծովով։ Ըստ նրա՝ նման քայլերը բանակցային գործընթացում Ռուսաստանի մտադրությունների լրջության կարևոր վկայություն կդառնային։

Ֆոն դեր Լյայենն ընդգծել է, որ Եվրոպան ձգտում է կայուն խաղաղության, որը կերաշխավորի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կապահովի նրա երկարաժամկետ անվտանգությունը։

«Խաղաղությունը պարզապես հակամարտության դադարեցում չէ։ Այն նաև պետք է օգնի Ուկրաինային կառուցել այն ապագան, որի համար նրա ժողովուրդն այդքան համառորեն պայքարել է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Նա հավելել է, որ ԵՄ-ն առաջատար դեր կստանձնի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման գործում։ Եվրամիությունը նաև ակնկալում է մինչև ընթացիկ տարվա վերջ բացել միությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների վերջին երկու կլաստերները։