Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) դուստր ձեռնարկությունը՝ Caspian Drilling Company-ն (CDC), սկսել է Իսրայելի հարավում գտնվող Sifra North 01 հեռանկարային գազային հորատանցքի հորատումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է ընկերությունը, աշխատանքներն իրականացվում են Comprehensive Drilling Trust-ի (CDT) հետ համատեղ՝ Mosestro ընկերության պատվերով։ Հորատումը սկսվել է 2026 թվականի նոյեմբերի 22-ին՝ 11:20-ին, նախատեսված բոլոր նախապատրաստական ստուգումներն ավարտելուց հետո։

Ընկերությունները շնորհակալություն են հայտնել պատվիրատուին, նախագծի գործընկերներին և աշխատանքների նախապատրաստմանը մասնակցած մասնագետներին։ Նրանք հայտարարել են նաև սերտ համագործակցությունը շարունակելու մտադրության մասին։

Հաղորդագրության մեջ չեն հստակեցվում հանքավայրում գազի ենթադրվող պաշարները, հորատանցքի նախագծային խորությունը և աշխատանքների ավարտի ժամկետները։