Բեռլինում ոստիկանները կրակելով սպանել են շան՝ արձագանքելով Գերմանիայի մայրաքաղաքի ամենահայտնի սուրբծննդյան տոնավաճառներից մեկի մերձակայքում հրազենի նմանվող առարկայով տղամարդու մասին ահազանգին, հայտնում է dpa-ն։
Ականատեսները հայտնել էին Բեռլինի արևմտյան մասում գտնվող Բրայթշայդպլաց հրապարակում մի տղամարդու մասին։ Տասը տարի առաջ այս հրապարակում ահաբեկչություն էր տեղի ունեցել. բեռնատարը մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառի բազմության մեջ, ինչի հետևանքով մարդիկ էին զոհվել։
Ոստիկանները գնացել են մոտակայքում գտնվող հյուրանոց և թակել այն համարի դուռը, որտեղ, ենթադրաբար, գտնվում էր տղամարդը։ Ոստիկանության տվյալներով՝ 63-ամյա կասկածյալը փոքր-ինչ բացել է դուռն ու սկսել աշխատակիցներին սպառնալ զենքի նմանվող առարկայով։ Ոստիկաններից մեկը կրակել է դռան ուղղությամբ, սակայն ոչ ոք չի տուժել։
Դրանից հետո համարից դուրս է վազել մի շուն, ենթադրաբար՝ պուդել, և ուղղվել դեպի ոստիկանները։ Մեկ այլ ոստիկան կրակել է կենդանու վրա։ Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ շունը նրա համար «որոշակի սպառնալիք» էր ներկայացնում։
Կենդանին տեղում սատկել է։ Ոստիկանությունը չի հայտնել, թե քանի կրակոց է արձակվել։
Տղամարդուն ձերբակալել և հիվանդանոց են տեղափոխել, քանի որ, ոստիկանների գնահատմամբ, նա կարող էր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալ։ Իրավապահների անհանգստությունն առաջացրած առարկան, ինչպես պարզաբանել են ոստիկանությունից, եղել է ատրճանակի տեսքով սարք՝ նախատեսված նյութ ցողելու միջոցով կենդանիներին վախեցնելու համար։





























