Հաշվի առնելով, որ այժմ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է ավարտվել կես տարուց մեկ տարվա ընթացքում։ Այդ մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման հյուրասրահում հայտարարել է ամերիկացի քաղաքագետ, Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի նախկին օգնական Թոմաս Գրեհեմը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը։

Նա հավելել է, որ կողմերից յուրաքանչյուրն այս հակամարտության ավարտի կարիքն ունի։ «Ուկրաինան մեծապես տուժում է տնտեսության քայքայումից և մարդկային կորուստներից։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին՝ հսկայական զոհեր, տուժում է տնտեսությունը»,– նշել է Գրեհեմը։ Նա կրկնել է, որ կողմերից յուրաքանչյուրն ավելի լավ վիճակում կլիներ, եթե այս հակամարտությունն ավարտվեր մոտ ապագայում։

Ըստ նրա՝ հարցն այն է, թե կոնկրետ ինչպես է դա արվում, և այստեղ անհրաժեշտ է ակտիվ ու ստեղծագործ դիվանագիտություն։ «Գործընթացն ընթանում է։ Ես գիտեմ, որ փակ դռների հետևում այս հարցերն ավելի ողջամիտ են քննարկվում, քան հրապարակավ»,– ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ հակամարտությունը կավարտվի մոտ ապագայում։

Գրեհեմն ընդգծել է երկու մեծ տերությունների, դրանց թվում՝ Եվրոպայի և Ռուսաստանի միջև ավելի ամուր հարաբերությունների հաստատման կարևորությունը։ «Անհրաժեշտ է քննարկել, սահմանել այդ հարաբերությունների հիմնական սկզբունքները։ Դա նույնպես դիվանագիտության հարց է, սակայն միանգամայն հասանելի նպատակ է»,– եզրափակել է Գրեհեմը։