«Ջի Թի Բի» ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել է, որ երբեք գործնական կապեր չի ունեցել Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Այսպես է նա պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչու են իրեն կապում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և անվանում գործող իշխանությանը մերձավոր գործարար։

«Ես ոչ մեկի հետ կապված չեմ, երբեք կապված չեմ եղել։ Ես երբեք գործնական կապեր չեմ ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Ես դա հերքում եմ»,- հայտարարել է Տեր-Ղազարյանը։

Ըստ գործարարի՝ նման պնդումներ հնչել են նաև նախկինում, մասնավորապես՝ 2017 թվականին։ Նա լրատվամիջոցներին մեղադրել է նման ենթադրություններ տարածելու մեջ, որոնք հետագայում լրագրողներն իրեն առաջարկում են հերքել։

«Դուք ինչ-որ բան եք ասում, հետո տարածում եք դա, ապա գալիս եք ինձ մոտ ու խնդրում հերքել այն, ինչ ինքներդ եք տարածել»,- ասել է Տեր-Ղազարյանը։ Նա հավելել է, որ իր անունը, հավանաբար, կապելու են ցանկացած իշխանության ներկայացուցիչների հետ, որը կլինի երկրի ղեկին։

Լրագրողները գործարարին հարցրել են նաև Երևանում «Կասկադ» համալիրի շինարարության թույլտվության և «Ռենշին» ընկերության հետ համագործակցության մասին։ Տեր-Ղազարյանը հերքել է պնդումները, թե նախագիծն այդ ընկերությանն է փոխանցվել գործող իշխանությունների հետ գործարքի արդյունքում։

Ըստ նրա՝ շինարարության թույլտվությունը ստացվել է 30 օրով հայտարարված բաց մրցույթի արդյունքներով։ Այլ շինարարական ընկերություններ, ինչպես պնդում է գործարարը, հայտեր չեն ներկայացրել։ Նա նաև ընդգծել է, որ չի վաճառել «Կասկադ» նախագիծը, այլ «Ռենշինի» հետ համագործակցության պայմանագիր է կնքել։

«Ես ոչինչ չեմ վաճառել և չեմ պատրաստվում վաճառել։ Մենք միասին ենք սկսել կառուցել «Կասկադը» և միասին էլ ավարտելու ենք այն»,- հայտարարել է Տեր-Ղազարյանը։

Գործարարը մեկնաբանել է նաև պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները՝ հայտարարելով, որ խիստ բացասաբար է վերաբերվում ստեղծված իրավիճակին, սակայն բավարար տեղեկություններ չունի կողմերից որևէ մեկին մեղադրելու համար։

Բացի դրանից, Տեր-Ղազարյանը հայտարարել է, որ շարունակում է լրջորեն վերաբերվել Ադրբեջանի կողմից գնդակոծությունների սպառնալիքին։ Պատասխանելով զենքի արտադրության գործարանի շինարարությունը Երասխից տեղափոխելու մասին հարցին՝ նա ասել է, որ անձամբ է բախվել գնդակոծությունների և անհրաժեշտ է համարում հաշվի առնել նման ռիսկերը։