Սննդամթերքի շուկայում խարդախության դեմ պայքարի միջազգային գործողության ընթացքում ձերբակալվել է 79 կասկածյալ, և վնասազերծվել է 18 կազմակերպված հանցավոր խմբավորում, հայտնում է Եվրոպական ոստիկանական գործակալությունը՝ Եվրոպոլը։

Վեց ամսվա ընթացքում իրավապահներն առգրավել են գրեթե 80 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ սննդամթերք։ Գործողությանը մասնակցել է 57 երկիր՝ Եվրոպական հանձնաժողովի և Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի աջակցությամբ։

Եվրոպոլի տվյալներով՝ առգրավվածի թվում են ավելի քան 500 հազար կեղծ ապրանք, գրեթե 230 հազար լիտր կեղծված խմիչք և շուրջ 1,7 միլիոն կգ անորակ սննդամթերք։ Խախտումներն առավել հաճախ վերաբերել են մսին, ալկոհոլային խմիչքին, մրգին և բանջարեղենին։

Հանցագործներն օգտագործել են խաբեության տարբեր սխեմաներ։ Մասնավորապես, նրանք նոսրացրել կամ կեղծել են բուսական յուղը, իսկ էժան գինիների վրա փակցրել կեղծ պիտակներ՝ դրանք ներկայացնելով որպես թանկարժեք տեսակներ։ Ժամկետանց սննդամթերքը, իսկ երբեմն նաև փչացած ապրանքները վերափաթեթավորվել են և պիտակավորվել նոր պիտակներով։

Եվրոպոլը նախազգուշացրել է, որ սննդամթերքի կեղծումը սպառնալիք է բնակչության առողջության համար և խախտում է սննդամթերքի անվտանգության կանոնները։

«Կեղծ կամ կեղծված սննդամթերքը կարող է հիվանդություններ առաջացնել, խաթարել սննդամթերքի անվտանգության չափանիշները և աղավաղել շուկայական մրցակցությունը»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։