Վարշավայի կենտրոնում մի տղամարդ ինքնահրկիզվել է Մշակույթի նախարարության շենքի առջև՝ Նախագահական պալատի դիմաց։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17:10-ի սահմաններում, հայտնել է լեհական Interia պարբերականը՝ վկայակոչելով Լեհաստանի պետական պահպանության ծառայության (SOP) ներկայացուցիչ, գնդապետ Բոգուսլավ Պյորկովսկուն։
Տղամարդուն առաջինն օգնության են շտապել ականատեսներն ու պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք նաև կանչել են արտակարգ ծառայություններին։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, ոստիկաններ և հրշեջներ։
Polsat News-ի տվյալներով՝ տուժածին տեղափոխել են Ռազմաբժշկական ինստիտուտ։ Ինչպես հայտնել է Լեհական մամուլի գործակալությունը (PAP), տղամարդն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։
Դեպքի վայրը շրջափակվել է։ Դեպքի վայրից Polsat News-ի թղթակից Կարոլինա Բելինսկան հայտնել է, որ ոստիկանությունն առայժմ չի բացահայտում կատարվածի մանրամասները։
Այս պահին շտապօգնության մեքենաներն ու հրշեջ ջոկատները հեռացել են դեպքի վայրից։ Ոստիկանները շարունակում են աշխատանքը դատախազության վերահսկողության ներքո։ Միջադեպի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։





























