Ոչինչ չի կարող խոչընդոտել Իրանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում: Այդ մասին, ըստ Irna գործակալության, նոյեմբերի 8-ին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը:

Ինչպես նշել է Ահմադինեջադը, երկրները տարածաշրջանում նույն շահերն ունեն:

Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնում է Press TV-ն, նոյեմբերի 9-ին նախատեսվում է Ահմադինեջադի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, հանդիպմանը արծարծվելու են տարածաշրջանային եւ երկկողմ կարեւոր հարցեր:

Իրանի նախագահհի այցը Ստամբուլ ընթանում է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության մշտական կոմիտեի՝ տնտեսությանը եւ առեւտրային համագործակցությանը վերաբերող 25-րդ նիստի շրջանակներում:

Գագաթնաժողովին ժամանել են Իրանի եւ Աֆղանստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեջադն ու Կամիդ Քարզայը, Ղըրղստանի առաջնորդ Կուրմանբեկ Բակիեւը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Պաղեստինի Ինքնավարության վարչապետ Սալյամ Ֆայադը, արաբական եւ աֆրիկյան այլ երկրների ղեկավարներ:

ԻԿԿ կոմիտեի 25-րդ նստաշրջանի շրջանակներում երկրների միջեւ քննարկվելու են նաեւ կենտրոնական բանկերի, մաքսային ծառայությունների, հարկերի նվազեցման եւ ազատ առեւտրի պայմանների զարգացման հարցեր: