Ընթացիկ տարում «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը 43 օրինագիծ է մշակել, որոնք մեծ մասը, սակայն, չի ընդգրկվել Ազգային Ժողովի օրակարգում:

Ինչպես ճեպազրույցում հայտնել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգության» պատգամավորները հաշվետու ժամանակաշրջանում հանդես են եկել 56 հայտարարություններով, ակտիվություն են ցուցաբերել միջազգային տարբեր կառույցներում:

Զարուհի Փոստանջյանը նշել է, որ անցնող տարվա ամենամեծ թերացումն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ մնում են խորհրդարանի մեծ օրակարգում: Նա ափսոսանք է հայտնել Մադրիդյան սկզբունքների հայտնվելու կապակցությամբ, որոնք հակասում են հայկական կողմի շահերին: Փոստանջյանին նաեւ զայրացրել էր «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում կատարված  փոփոխությունները: Նրա խոսքով, այդ օրինագծերի ընդունումը սպառնալիքի տակ է դրել Հայաստանի անկախությունը:

«Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Լարիսա Ալավերդյանը լավատեսություն է  հայտնել, որ դրականը կգերակշռի բացասականի նկատմամբ: Ընդ որում, նա հայտարարել է, թե 2010-ին ահավոր բացասական բաներ են արձանագրվել: «Անգամ Սեւանա լիճը կարողացան ճահիճ դարձնել եւ սպանել կենդանական աշխարհը»,- ասել է նա:

Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր հերթին շնորհավորել է կառավարությանն անհեթեթ ձեռքբերումների կապակցությամբ, որոնց շնորհիվ հանրապետությունում աղքատությունը գերազանցում է 80 տոկոսը: