ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որը Մոսկվա է ժամանել որպես Սբերի «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» միջազգային համաժողովի գլխավոր հյուր, հայտնում է РИА Новости-ն։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղազախստանը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, և վստահություն է հայտնել, որ Տոկաևին հետաքրքիր կլինի ծանոթանալ արհեստական բանականության ոլորտում ռուսական մշակումներին։

«Մենք հնարավորություն կունենանք և՛ լսելու մասնագետներին, և՛ շփվելու երիտասարդների, դպրոցականների, ուսանողների հետ, խոսելու բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը։

Տոկաևն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես մեծ տերություն, առաջատար դիրք է զբաղեցրել, և դա համարել է Պուտինի վաստակը։ Ղազախստանի նախագահը նաև նշել է, որ ռուսական բարձր տեխնոլոգիական բիզնեսը լայնորեն ներկայացված է հանրապետությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման ընթացքում Պուտինը, հնարավոր է, ղազախստանցի գործընկերոջը տեղեկացնի Շենժենում Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների մասին։

Սբերի «Ճանապարհորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» միջազգային համաժողովը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 26–28-ը։ Պուտինն ավանդաբար մասնակցում է այս միջոցառմանը։ Մասնավորապես, 2025 թվականի համաժողովում քննարկվել են արհեստական բանականության ռուսական տեխնոլոգիաների արտահանման հեռանկարները։