Անտարկտիդայում փնտրում են միլիոնավոր տարիների վաղեմության սառույց, որը կարող է օգնել վերականգնել Երկրի կլիմայական պատմությունը։ Բրյուսելի ազատ համալսարանի (VUB) գիտնականներն ուսումնասիրում են այսպես կոչված կապույտ սառույցի գոտիները՝ տեղամասեր, որտեղ սառույցի հնագույն շերտերը դուրս են գալիս մակերևույթ կամ դրան շատ մոտ են։ Այս ուղղության հեռանկարները նկարագրված են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում։
Մինչ այժմ հետազոտողները հնագույն սառույց են փնտրել հիմնականում Անտարկտիդայի սառցե վահանում խոր հորատանցքեր բացելով։ Սակայն կապույտ սառույցի որոշ գոտիներում կարելի է հայտնաբերել հարյուր հազարավոր և նույնիսկ միլիոնավոր տարիների վաղեմության նմուշներ՝ առանց խորքային հորատման անհրաժեշտության։ Նման մոտեցումը կարող է ընդլայնել անցյալի կլիմայական արխիվների հասանելիությունը և նվազեցնել հետազոտությունների ծախսերը։
«Այս նմուշները հազվագյուտ տեղեկություններ են տալիս անցյալ դարաշրջանների կլիմայի մասին։ Դրանք օգնում են հասկանալու, թե ինչպես է կլիմայական համակարգն արձագանքում փոփոխություններին, և ինչ է դա նշանակում մեր ապագայի համար»,- նշում են հետազոտողները։
Գիտնականների աշխատանքն արդեն անցել է դաշտային հետազոտությունների փուլ։ Երկու արշավախումբ ուսումնասիրում է Անտարկտիդայի հեռանկարային տեղամասերը։ Յոախիմ Պիրեն մասնակցում է Յունիոն սառցադաշտի շրջանում իրականացվող չիլիական առաքելությանը, իսկ Մաայկե Իզեբաուդը և Զոի Բոսմանը ուղևորվում են բելգիական «Արքայադուստր Էլիզաբեթ» կայանի մերձակայքում հնարավոր հետաքրքրություն ներկայացնող վայրեր։
Հնագույն սառույցի որոնման համար թիմը կիրառում է սառցադաշտերի շարժման մոդելավորում և արբանյակային պատկերներ։ Այս մեթոդները հնարավորություն են տալիս որոշելու այն տեղամասերը, որտեղ սառցաշերտերը կարող են պահպանվել հատկապես երկար ժամանակ, որից հետո գիտնականներն անմիջապես տեղում ստուգում են կանխատեսումները։
Ըստ հետազոտական խմբի ղեկավար Հարրի Զեկոլարիի՝ արշավախմբերը երկարաժամկետ ծրագրի մաս են կազմում, որի նպատակն է ուսումնասիրել քիչ հետազոտված կլիմայական արխիվները։
Ստացված նմուշները կարող են բացահայտել Երկրի կլիմայական պատմության անհայտ էջերը և օգնել ավելի լավ հասկանալ ժամանակակից կլիմայական փոփոխությունների հնարավոր հետևանքները։




















