«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ:

Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ի դեպ, ՊՆ-ն, որպես կանոն, նման դեպքերի մասին հաղորդագրություն է տարածում կամ տեղեկատվություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դեպքը հնարավոր չէ թաքցնել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում