Հնդկական աֆալինաները, որոնք ավելի հաճախ են շփվում իրենց ցեղակիցների հետ և նախընտրում են ավելի կայուն թվաքանակով խմբեր, կարող են ավելի երկար ապրել։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները՝ վերլուծելով վայրի դելֆինների 40 տարվա դիտարկումների տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է PLOS Biology ամսագրում։
Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանից Քելլի Միհանի ղեկավարությամբ գիտնականներն ուսումնասիրել են Ավստրալիայի արևմտյան ափի մերձակա Շարք Բեյ ծոցում բնակվող 457 հնդկական աֆալինաների (Tursiops aduncus) վերաբերյալ տվյալները։
Հետազոտողները գնահատել են, թե կենդանիների տարիքը, սեռը և անհատական առանձնահատկություններն ինչպես են կապված այն խմբերի թվաքանակի հետ, որոնցում նրանք ժամանակ են անցկացնում։
Պարզվել է, որ տարիքի հետ դելֆինները սկզբում միավորվում են ավելի մեծ խմբերում, իսկ հետո այդ խմբերի միջին թվաքանակը նվազում է։ Խմբերի փոքրացումը հատկապես նկատելի է եղել արուների շրջանում։
Միևնույն ժամանակ, ավելի շփվող առանձնյակները, որոնք նախընտրում էին համեմատաբար կայուն թվաքանակով խմբեր, որպես կանոն, ավելի երկար էին ապրում։
Հետազոտողները շեշտում են, որ կարևոր է ոչ միայն խմբի թվաքանակը, այլև կենդանու սոցիալական նախասիրությունների կայունությունը։ Դելֆինների համար խմբի միասնական իդեալական թվաքանակ գոյություն չունի․ ոմանք նախընտրում են կանոնավորապես շփվել փոքրաթիվ ցեղակիցների հետ, մյուսները սիրով միանում են մեծ խմբերի։ Ընդ որում, սոցիալական նախասիրությունների հետևողականությունը կապված էր կյանքի ավելի մեծ տևողության հետ։
Շփումը դելֆիններին օգնում է տեղեկություններ փոխանակել, զուգընկերներ գտնել և պաշտպանվել գիշատիչներից։ Սակայն չափազանց մեծ կուտակումները կարող են մեծացնել հիվանդությունների տարածման վտանգը և սրել սննդի ու զուգընկերների համար մրցակցությունը։
Հեղինակները նշում են, որ հետազոտությունը չի ապացուցում, թե շփվող լինելն ինքնին երկարացնում է կյանքը․ այդ կապը կարող է բացատրվել նաև այլ գործոններով, ներառյալ՝ առողջական վիճակով։
Բացի դրանից, առանձին կենդանիների ամենօրյա դիտարկումների միջին տևողությունը կազմել է մոտ հինգ րոպե, մինչդեռ խմբերի կազմը կարող է մեկ ժամվա ընթացքում մի քանի անգամ փոխվել։
Միհանը նշոլ է, որ դաշտային հետազոտությունների տարիներին համոզվել է, թե որքան անհատական են դելֆինները․ յուրաքանչյուր կենդանի ունի իր բնավորությունը, որն ազդում է նրա վարքի և ցեղակիցների հետ հարաբերությունների վրա։




















