«Փաստ» թերթը գրում է. «Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» և հարակից իրավական ակտերում։
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց արդյունավետ պաշտպանությունը պահանջում է օգնության դիմելու հասանելի, անվտանգ և արագ միջոցների առկայություն։ Օգնության դիմելու և առաջնային տեղեկատվություն ստանալու հնարավորություն պետք է ունենան ինչպես ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկված անձինք, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներն ու դեպքի մասին տեղեկություն ունեցող այլ անձինք։ Նախարարությունն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայությունները մատուցում է պատվիրակված հասարակական կազմակերպությունների միջոցով։ Երևանում և բոլոր մարզերում գործող աջակցության կենտրոնները ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրում են անհատույց հոգեբանական, սոցիալական և իրավաբանական աջակցություն, ինչպես նաև ուղղորդում այլ անհրաժեշտ ծառայություններ։ Յուրաքանչյուր աջակցության կենտրոն ունի առանձնացված բջջային հեռախոսահամար, որը գործում է որպես թեժ գիծ. այս հեռախոսահամարի մուտքային զանգերն անվճար չեն:
Բռնության վերաբերյալ դիմումներ ընդունվում են նաև նախարարության «114» ընդհանուր նշանակության թեժ գծով, որը գործում է ժամը 9։00-ից մինչև 18։00-ն։ Այսինքն, ներկայում բացակայում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված միասնական, անվճար և շուրջօրյա մասնագիտացված թեժ գիծը։ Առանձին հեռախոսահամարների բազմազանությունը, զանգերի հնարավոր վճարովի լինելը և «114» թեժ գծի աշխատանքային ժամերի սահմանափակումը կարող են դժվարացնել օգնության դիմելն ու դեպքերին ժամանակին արձագանքելը։
Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «Թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները և դրա գործառույթները ներդաշնակեցնել գործող աջակցության համակարգին։ Ծառայությունը կապահովի դիմումների ընդունման, առաջնային խորհրդատվության, իրավիճակի նախնական գնահատման և իրավասու մարմինների ու մասնագիտացված ծառայությունների հետ կապի հաստատման միասնական ընթացքը։
Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։
Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։
Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















