«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա Հայաստանի տարածքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը։

Այն կանցկացվի այսօր և վաղը։

Միջոցառման մասնակիցները կքննարկեն անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում սահմանված խաղաղության օրակարգը։ Նրանք կանդրադառնան նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի համար կայուն ինստիտուցիոնալ հիմք ստեղծելու նախաձեռնություններին։

Տնտեսության ոլորտում քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան Հարավային Կովկասում երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների, առևտրի և տրանսպորտային երթուղիների զարգացման թեմաներին։

Կշոշափվեն նաև հումանիտար հարցեր, երիտասարդության հետ աշխատանքն ու կրթությունը։ Մասնավորապես, կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապեր հաստատելու հարցը։