Մտավախություն կա, որ Վճռաբեկ դատարանը մտադիր է Դավիթ Համբարձումյանին չեզոքացնել Մասիսի ընտրություններում։ Այս մասին նոյեմբերի 26-ի արտահերթ ասուլիսում հայտարարեց փաստաբան Գայանե Պապոյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Համբարձումյանը մտադիր է մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք Մասիսի ընտրություններին։ Նախորդ օրը պաշտպանական կողմը ծանուցում է ստացել, որ դատարանը նոյեմբերի 27-ին կհրապարակի պաշտպանության և դատախազության բողոքների վերաբերյալ որոշումը։
«Այս շտապողականությունը կապում ենք ընտրությունների հետ։ Մտահոգված ենք, որ դատարանը կկայացնի որոշում, որը Համբարձումյանին կչեզոքացնի ընտրություններում։ Վճռաբեկ դատարանը բողոքները վարույթ է ընդունել հոկտեմբերի 19-ին։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում նման շտապողականություն չեմ տեսել»,– ասաց Պապոյանը՝ կասկած հայտնելով, որ դատարանը քաղաքական շահ է սպասարկում։
Համբարձումյանի պաշտպանական կողմը դիմումներ է ուղարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին և հնարավոր բոլոր միջազգային կազմակերպություններին։
Պապոյանի խոսքով՝ արդեն մեկ ամսից ավելի է՝ Մասիսում ՔՊ-ի շտաբում ասում են, թե իրենց թեկնածու Հովհաննես Հակոբյանը «կանցնի, որովհետև Դավիթ Համբարձումյանին չեզոքացնելու են»։
«Արդեն մեկ ամիս է՝ նման խոսակցություններ են շրջանառվում։ Չէինք կարծում, որ Վճռաբեկ դատարանն այդքան հապճեպ կներգրավվի գործընթացում։ Բայց համադրելով լուրերն ու դատարանի գործողությունները՝ հանգում ենք այն եզրակացության, որ դատարանը մտադիր է քաղաքական շահ սպասարկել»,– հայտարարեց փաստաբանը։
Պապոյանի խոսքով՝ Համբարձումյանին «չեզոքացնելու» համար Վճռաբեկ դատարանը կարող է հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նա պնդեց, որ դատարանն ակնհայտորեն չէր կարող հասցնել ուսումնասիրել գործը, ուստի նման որոշումը հանցագործություն կհամարի։ Փաստաբանը հավելեց, որ այդ դեպքում պաշտպանական կողմն անհապաղ կդիմի ՄԻԵԴ։
Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է ութ տարի։ Ավելի վաղ դատարանը նրան դատապարտել էր վեց տարի երեք ամիս ազատազրկման։ Նրան մեղադրանքներ էին առաջադրել 2018 թվականի ապրիլի 22-ին Այնիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ցուցարարների վրա հարձակվելու, ինչպես նաև նույն օրը Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգությունների համար։ Համբարձումյանին կալանավորել էին, ապա ազատ արձակել հինգ միլիոն դրամ գրավի դիմաց։
«Դատական պրակտիկայում նման մեղադրանքով վեց տարի երեք ամիս ազատազրկում չի եղել։ Եթե դատարանը մինչև վեց տարի ժամկետով պատիժ նշանակեր, համաներում կկիրառվեր։ Ենթադրում եմ՝ դատավոր Ժորա Չիչոյանը հենց համաներումը բացառելու նպատակով է այդ որոշումը կայացրել։ Նույն դատավորը ծանր հանցագործությունների գործերով շատ ավելի մեղմ որոշումներ է կայացրել»,– նշեց փաստաբանը։
Համբարձումյանի թիմի կարծիքով՝ բողոքները ստանալուց հետո անցած կարճ ժամանակում Վճռաբեկ դատարանը չէր կարող ամբողջությամբ ուսումնասիրել գործը։ Պապոյանն ընդգծեց, որ Մասիսի բնակիչների ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունքը վտանգված է։ Նա Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ արեց հավատարիմ մնալ երդմանը և որոշում կայացնել՝ ելնելով արդարադատության շահերից։
Համբարձումյանը նաև «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածուն էր։











