ԱՄՆ բանակը հեռահար գործողության LRHW գերձայնային զենքի առաջին մարտկոց է գործարկել, որը պաշտոնապես հայտնի է որպես Dark Eagle։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Breaking Defense պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այն ամբողջությամբ ծավալված է և պատրաստ է կիրառման», — պարբերականին ասել է ցամաքային զորքերի սպառազինության գնումները համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։
Նրա խոսքով՝ առաջին մարտկոցն ամբողջությամբ համալրված է և կարող է մասնակցել մարտական գործողությունների։ Լոզանոն ընդգծել է, որ շարժական համակարգը պատրաստ է աշխարհի տարբեր տարածաշրջաններ արագ տեղափոխման։
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչը չի հայտնել, թե երբ և որտեղ են տեղակայել առաջին մարտկոցը։
Այժմ ԱՄՆ հրամանատարությունը պատրաստվում է ծավալել հաջորդ մարտկոցները։ Լոզանոյի խոսքով՝ երկրորդ և երրորդ մարտկոցների աշխատանքներն արդեն ընթանում են, իսկ երրորդի արտադրությունն ավարտված է ավելի քան 50 տոկոսով։ ԱՄՆ բանակը դեռ չի նշում աշխատանքների ավարտի հստակ ժամկետները։
Ինչպես պարզաբանում է The War Zone-ը, արձակման կայանքի մեխանիզմների խնդիրներն ու տարբեր համակարգերի համակցման դժվարությունները տարիներ շարունակ ձգձգել են ծրագիրը։ Այդ խնդիրների պատճառով 2023 թվականին չեղարկվել են մի շարք փորձարկումներ։
Սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԱՄՆ բանակն ու ռազմածովային ուժերը համատեղ հաջողությամբ փորձարկել են լիարժեք համալրված հրթիռը՝ օգտագործելով հաստիքային կառավարման կենտրոնն ու արձակման կայանքը։





























