Իսրայելն Իրանին մեղադրում է քիմիական զենք մշակելու մեջ և փորձում է սրել Մերձավոր Արևելքում տիրող հակամարտությունը։ Նման հայտարարություն է արել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Թել Ավիվը փորձում է հասնել նրան, որ Վաշինգտոնը կրկին հարձակվի Թեհրանի վրա։
Արաղչին հիշեցրել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից է և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) անդամ պետություն։
«Իսրայելն անամոթաբար մեղադրում է Իրանին դեղագործական գործարաններում նման զազրելի զենք մշակելու և թաքցնելու մեջ։ Նպատակը հանդուգն է՝ խաբեությամբ ստիպել ԱՄՆ-ին իր փոխարեն նոր պատերազմ մղել՝ հարվածի տակ դնելով իրանցի հիվանդներին»,— ասել է Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Իսրայելը հրաժարվել է միանալ միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի արգելման որևէ կոնվենցիայի։
Բացի այդ, Արաղչիի խոսքով՝ Թել Ավիվը «տիրապետում է հարյուրավոր միջուկային մարտագլխիկների, հարձակվել է տարածաշրջանի յոթ երկրի վրա և օկուպացրել դրանցից երեքի տարածքները»։
«Միայն վերջին մեկ տարում այն ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ երկու ձախողված պատերազմի մեջ»,— հավելել է Աբբաս Արաղչին։
Հիշեցնենք՝ նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանն աշխատում է քիմիական զենք ստեղծելու ուղղությամբ։




























