ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նոյեմբերի 25-ին այցելել է միջուկային նյութերի արտադրության ձեռնարկություններ և միջուկային զենքի գիտահետազոտական ինստիտուտ։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

«Մեր միջուկային քաղաքականությունն արդարացի որոշում է՝ թելադրված ստեղծված իրավիճակով ու նախադրյալներով։ Այն առանցքային նշանակություն ունի հանրապետության ինքնիշխանությունն ապահովելու համար», — հայտարարել է Կիմ Չեն Ընը։

ԿԺԴՀ առաջնորդն այցելել է զենքի համար նախատեսված միջուկային նյութերի և միջուկային էներգետիկայի սարքավորումների արտադրական բազաներ, ինչպես նաև միջուկային զենքի գիտահետազոտական ինստիտուտ։

Նա նաև ամփոփել է ոլորտի 2026 թվականի աշխատանքի արդյունքները՝ Կորեայի աշխատանքային կուսակցության IX համագումարում նախանշված միջուկային ռազմավարական ծրագրի շրջանակում։ Նրա խոսքով՝ միջուկային նյութերի արտադրության ընդլայնումն ու միջուկային սպառազինության արդիականացումը համապատասխանում են երկրի երկարաժամկետ խնդիրներին։

Միջուկային զենքի գիտահետազոտական ինստիտուտը ԿԺԴՀ առաջնորդին ներկայացրել է տարեկան հաշվետվությունը։ Կիմ Չեն Ընը բարձր է գնահատել գիտնականների աշխատանքի արդյունքները և ընդգծել միջուկային ուժերը զարգացնելու անհրաժեշտությունը։

Նա երկրի միջուկային ներուժի ամրապնդումը համարել է անվտանգության սպառնալիքներին ուղղված պատասխան և հաստատել միջուկային քաղաքականությունը շարունակելու Փհենյանի մտադրությունը։