Ենթադրյալ զինյալները Նիգերիայի Նիգեր նահանգի մի քանի գյուղերում սպանել են առնվազն 30 մարդու և հրկիզել տներ։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնում է Reuters գործակալությունը։

Տեղի բնակիչների խոսքով՝ երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հարձակումը կարող էր վրեժխնդրություն լինել մի քանի օր առաջ նույն շրջանում տասնյակ ֆուլանի հովիվների սպանության համար։

Գյուղերից մեկի՝ փրկված ավագը պատմել է, որ հարձակվողները գրավել են մի քանի բնակավայր և թույլ չեն տալիս դուրս բերել զոհերի մարմինները։ Reuters-ը չի կարողացել անկախ աղբյուրներով հաստատել սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութի իսկությունը։ Դրանում, ենթադրաբար, պատկերված է մի քանի դիակի այրում։

Ավելի վաղ ֆուլանի համայնքների ներկայացուցիչները հայտնել էին անցած հանգստյան օրերին Բորգու շրջանում տեղի ունեցած կոտորածի մասին։ Նրանց պնդմամբ՝ զինված անձինք հարձակվել են Լումման-Բաարե գյուղի վրա և սպանել գյուղապետին ու նրա ընտանիքի չորս անդամներին։ Համայնքների ներկայացուցիչների տվյալներով՝ ընդհանուր առմամբ զոհվել է առնվազն 64 ֆուլանի։

Չորեքշաբթի Նիգերի նահանգապետ Ումարու Բագոն այցելել է Բորգու շրջան։ Նա հայտարարել է, որ նահանգի իշխանությունները յուրաքանչյուր զոհի ընտանիքին կվճարեն 2 մլն նայրա (մոտ 1,25 հազար դոլար)։ Բագոն երկխոսության և խաղաղ համակեցության կոչ է արել բնակիչներին։