Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) նոյեմբերի 26-ի գիշերը հարվածել են Բաշկորտոստանի «Սուբխանկուլովո» գծային արտադրադիսպետչերական կայանին։ Այս մասին ականատեսների կադրերի հիման վրա պարզել է Astra-ն։
Կայանը Տույմազիի շրջանում է։ Շրջանի ղեկավար Բուլատ Մուսինը հայտնել է, որ արդյունաբերական գոտում անօդաչուների բեկորներ են ընկել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի տուժել։ Տեղի բնակիչների լուսանկարներում և տեսանյութերում երևում է ուժեղ հրդեհ՝ թանձր սև ծխով։
«Սուբխանկուլովո» կայանն Ուրալում «Տրանսնեֆտի» համակարգի առանցքային հանգույցներից է։ Այն ընդունում, պահեստավորում և մղում է Արևմտյան Սիբիրից ու Բաշկորտոստանից ստացվող նավթը։ Կայանը հումքն ուղարկում է նավթավերամշակման գործարաններ և մայրուղային խողովակաշարեր, այդ թվում՝ «Ուստ Բալիկ — Կուրգան — Ուֆա — Ալմետևսկ» և «Սուբխանկուլովո — Շկապովո»։
Կայանի պահեստարանային համալիրն ունի տասը տարողություն՝ ընդհանուր 160 հազար խորանարդ մետր տարողունակությամբ։ Ուկրաինայի սահմանից 1300 կմ հեռավորության վրա գտնվող կայանը հուլիսի 23-ին ևս ենթարկվել էր հարձակման։
Բաշկորտոստանը պարբերաբար դառնում է ՈւԶՈւ-ի թիրախ։ Նոյեմբերի 17-ին և հոկտեմբերի 8-ին անօդաչուները հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկին՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատին»։ Ձեռնարկությունն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, կերոսին, մազութ, պոլիէթիլեն, պոլիստիրոլ, ամոնիակ, կարբամիդ և բութիլային սպիրտներ։ Այն արտադրանք է մատակարարում նաև բանակին։
Հոկտեմբերի 29-ին հարձակման է ենթարկվել Բաշկիրական սոդայի ընկերության գործարանը, որը Ռուսաստանում առաջատար է կալցինացված և կերակրի սոդայի արտադրությամբ։ Այն ռազմական գործարաններին մատակարարում է աղաթթու և դիքլորէթան։
Գործարանը նաև Ռուսաստանում տերեֆտալոիլքլորիդի միակ արտադրողն է։ Այս միացությունն անհրաժեշտ է սինթետիկ բալիստիկ թելերի, բարձր ամրության պոլիմերների և արամիդային նյութերի արտադրության համար։ Այդ նյութերից պատրաստում են զրահաբաճկոններ, սաղավարտներ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու ավիացիայի զրահապաշտպանության տարրեր։
Բացի այդ, ամռանը և աշնանը անօդաչուները բազմիցս հարվածել են Ուֆայի նավթավերամշակման համալիրի ձեռնարկություններին։ Համալիրը ներառում է «Բաշնեֆտ-ՈւՆՊԶ», «Բաշնեֆտ-Ուֆանեֆտեխիմ» և «Բաշնեֆտ-Նովոյլ» ձեռնարկությունները՝ տարեկան 23,5 միլիոն տոննա ընդհանուր հզորությամբ։





























