Ոչինչ չի խանգարում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, սակայն դրա համար անհրաժեշտ է երկխոսություն հանրության հետ։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Սահմանադրության փոփոխության և ընդդիմության հետ համագործակցության մասին հարցին։

Նրա խոսքով՝ հանրության հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ անկախ ընդդիմության դիրքորոշումից։

Փաշինյանը խորհուրդ է տվել սպասել Ազգային ժողովի քննարկումների արդյունքներին և հարցի վերաբերյալ վերջնական որոշմանը։

«Քվեարկության արդյունքներից ելնելով էլ կգործենք», — հավելել է վարչապետը։

Նա նաև հավաստիացրել է, որ իշխանությունները պատրաստ են լսել բոլոր առաջարկները, բայց չեն պատրաստվում դրանք ամբողջությամբ ընդունել և իրականացնել։

«Դա չի նշանակում, որ մենք պետք է և առհասարակ կարող ենք կրկնել նախկինում ունեցած այն փորձը, երբ բոլոր հնարավոր առաջարկներն ընդունվում էին, իսկ Սահմանադրությունը կորցնում էր իր դինամիկան և աերոդինամիկան», — հավելել է վարչապետը։