Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 26–ին, բողոքի ակցիա իրականացնող արցախցիները, տեսնելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին, հայտարարեցին. «Պարոն Սիմոնյան, Արցախը Հայաստան է և վերջ»։ Ալենբ Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ես էլ ձեզ եմ շատ սիրում, բա դուք էստեղ ի՞նչ եք անում»։
«Դուք եք դավաճանել Արցախը, այ դրա համար ենք այստեղ»,–ասաց արցախցիներից մեկը։
Լրագրողի դիտարկմանը, որ արցախցիները դեմ են, որ իրենց անձնագրում որպես ծննդավայր գրվի «Ադրբեջան», ԱԽ քարտուղարն ասաց. «Բա որտե՞ղ են իրենք ծնվել։ Այդ ժամանակ, երբ որ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղե՞լ»։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ մարդիկ ապրել են Արցախում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հա, ի՞նչ անենք։ Ես էլ Ռուսաստանում եմ ապրել և Ֆրանսիայում եմ ապրել։ Դա ցանկությունով չի։ Բա եթե էդ մարդիկ Ադրբեջանում են ծնվել, ի՞նչ գրվի։ Էդ ո՞ր մի երկրի անձնագրում այդպես չի գրվում։ Բա ի՞նչ պիտի գրվի, եթե այնտեղ են ծնվել, ի՞նչ գրվի։
Արցախի Հանրապետությունը իրենք լուծարել են, հետո Արցախի Հանրապետությունը, երբ եղել է, իրենք չեն ծնվել այնտեղ։ Ասենք այդ ինչ էմոցիաներ են, թող գրվի նաև քրիստոնյա է և շատ լավ մարդ է։ Այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է, իսկ ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ։ Իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում, այնտեղ որ անձնագիր են ստանում, ի՞նչ է գրած իրենց անձնագրերի մեջ։ Թազա թեմա, էլ թեմա չկա»,–ասաց Ալեն Սիմոնյանը։











