Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ պահեստազորայիններին կոչ է արել պատրաստվել զորակոչի՝ ռազմական հակամարտության դեպքում, գրում է The Telegraph-ը։

Պարբերականի տվյալներով՝ ռազմավարական պահեստազորի շուրջ 100 հազար զինծառայող նամակ է ստացել՝ պատրաստությանն ու զորավարժություններին կամավոր մասնակցելու առաջարկով։ Խոսքը, մասնավորապես, հաջորդ գարնանը կայանալիք ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունների մասին է։ Նախարարությունը նաև խնդրել է թարմացնել կապի տվյալները և տեղեկություններ տրամադրել ներկայիս աշխատանքի ու մասնագիտական հմտությունների մասին։

Նամակներն ուղարկել են վերջերս բանակից զորացրված վետերաններին, որոնց կարող են զորակոչել բացառիկ հանգամանքներում։ Սակայն անսպասելի զորահավաքի մասին խոսք չկա։

«Այս նամակները չեն նշանակում, որ պահեստազորայիններին ուր որ է ծառայության կկանչեն։ Սա պարզապես գրագետ կազմակերպչական աշխատանք է. մեզ համար կարևոր է իմանալ, թե ինչպես կապ հաստատել զորակոչի ենթակա անձանց հետ, և արդիական տեղեկություններ ունենալ նրանց հմտությունների ու փորձի մասին», — նշել է վետերանների հարցերով նախարար Քելվին Բեյլին։ Պաշտպանության նախարարությունը նամակների ուղարկումն անվանել է «գործնական քայլ», որն ամրապնդում է «զսպման ներուժը» և օգնում նվազեցնել հակամարտության վտանգը։

Telegraph-ի տվյալներով՝ Բրիտանիան սկսում է «ավելի լուրջ» վերաբերվել Հյուսիսատլանտյան պայմանագրի 3-րդ հոդվածին։ Այն անդամ պետություններին պարտավորեցնում է զարգացնել սեփական պաշտպանական կարողությունները և փոխօգնություն ցուցաբերել՝ զինված հարձակմանը դիմակայելու համար։

Միաժամանակ բրիտանական բանակի թվակազմը հասել է Նապոլեոնյան պատերազմներից ի վեր նվազագույն մակարդակին։ Ըստ պարբերականի՝ այժմ ծառայող զինվորականների թիվը մոտենում է 73 հազարին։ Պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը հայտարարել է, որ երկիրը 1000 օր անց պետք է «պատրաստ լինի մեր դաշնակիցների հետ միասին կռվել և հաղթել»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի երկրներին կոչ էր արել հնարավոր պատերազմին պատրաստել ոչ միայն զինված ուժերին, այլև քաղաքացիական բնակչությանը։ Նրա խոսքով՝ պետք է օրինակ վերցնել Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից և Ֆինլանդիայից, որոնք այս հարցում «զգալիորեն առաջ են մյուսներից»։ Ռյուտեն ընդգծել է, որ Ռուսաստանից եկող սպառնալիքը չի վերանա նույնիսկ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո։

Վլադիմիր Պուտինն իր հերթին եվրոպացի առաջնորդների՝ ռուսական սպառնալիքի մասին հայտարարություններն անվանել էր «քաղաքական փորլուծություն»։ «Ի՞նչ են այնտեղ խոսում Եվրոպայի վրա ինչ-որ հարձակումների մասին։ Չէ՞ որ բոլորը հասկանում են, որ մենք չենք ձգտում Եվրոպայի հետ պատերազմի. ի՜նչ անհեթեթություն», — ասել էր նա։

Պուտինը նաև նշել էր, որ Մոսկվան եվրոպացիներին առաջարկել է գալ Ռուսաստան և ներկայացնել տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ իրենց դիրքորոշումը։