Մալթայի դրոշի ներքո նավարկող Med Emre լցանավը խորտակվել է Իբիցա կղզու ափերի մոտ։ Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, վեցը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Բալեարյան կղզիների ինքնավար համայնքի արտակարգ օգնության ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան՝ Իբիցայից մոտ 25 մղոն հյուսիս-արևելք ընկած տարածքում։ Քիմիական նյութեր տեղափոխող լցանավն Ալխեսիրասից ուղևորվում էր Բարսելոնա։ Փրկարարների գնահատմամբ՝ նավը կարող էր տեղափոխել 7 հազար մետրական տոննա դիզելային վառելիք (մոտ 1,2 մլն լիտր)։ Իշխանությունների տվյալներով՝ նավում անձնակազմի 17 անդամ է եղել։

Իշխանությունները դեպքի վայր են ուղարկել մասնագիտացված նավ՝ վառելիքի հնարավոր արտահոսքի հետևանքները գնահատելու և աղտոտումը վերացնելու համար։ Օդային հետախուզությանը մասնակցում է նաև ծովային փրկարար ծառայության ինքնաթիռը։