Ռեակտիվ շարժիչով անօդաչուները, որոնք Ռուսաստանն այս տարի սկսել է լայնորեն կիրառել ուկրաինական քաղաքների դեմ, լուրջ խնդիր են դարձել ՀՕՊ ուժերի համար։ Ուկրաինական ընկերությունները միջոցներ են մշակում այդ ԱԹՍ-ները որսալու համար։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Ուկրաինայի նախագահի՝ տեխնոլոգիական հարցերով խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է լազերային համակարգերից մեկի հաջող կիրառման մասին։
Բեսկրեստնովը Telegram-ում գրել է, որ կենսական նշանակության օբյեկտի պաշտպանության համար տեղակայված «Բլիսկ» լազերային համակարգն առաջին անգամ խոցել է «Գերան» ռեակտիվ անօդաչու։ Նրա խոսքով՝ լազերները «մարտական պայմաններում արդեն առաջին արդյունքներն են տալիս», թեև սերիական արտադրության մասին խոսելը դեռ վաղ է։ Այժմ դրանք փորձարկում են կենսական նշանակության ենթակառուցվածքները պաշտպանելիս։
Խորհրդականի խոսքով՝ կառավարության աջակցությամբ մի քանի ընկերություն լազերային համակարգեր է մշակում ՀՕՊ-ի համար։ Դրանք ճառագայթն ուղղում են անօդաչուի մի հատվածի վրա, մինչև ներքին բաղադրիչները գերտաքանան ու շարքից դուրս գան։
Ձմռանն ընդառաջ ռուսական բանակն ուժգնացրել է հարվածներն Ուկրաինայի քաղաքացիական, լոգիստիկ և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Արևմտյան հետախուզությունների տվյալներով՝ Վլադիմիր Պուտինն առնվազն մինչև ձմռան ավարտը մտադիր չէ լրջորեն քննարկել խաղաղ կարգավորումը։ Նա հույս ունի կոտրել ուկրաինացիների մարտական ոգին և հետագայում նրանց պարտադրել իրեն ձեռնտու պայմաններ։
Ռեակտիվ անօդաչուների բարձր արագությունն ու մանևրունակությունը դժվարացնում են դրանց որսը։ «Գերան-5» սարքերը կարող են թռչել 1000 կմ՝ զարգացնելով մինչև 600 կմ/ժ արագություն, և կրել 90 կգ մարտագլխիկ։
Դրանք կարող են ունենալ նաև ջերմատեսիլ տեսախցիկներ, արհեստական բանականությամբ աշխատող նշանառության համակարգեր, ռադիոխանգարումներից պաշտպանված ալեհավաքներ և բազմահանգույց ռադիոցանցերի համար նախատեսված չինական մոդեմներ։ Նման ցանցերում կայաններն անմիջականորեն կապվում են միմյանց հետ և կարող են մյուսների համար երթուղիչի դեր կատարել։
Սեպտեմբերին Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտնել էր, որ նախկինում ՀՕՊ-ը խոցում էր անօդաչուների 90–95%-ը։ Ռեակտիվ սարքերի դեպքում այդ ցուցանիշը նվազել է մինչև 60%։
Հոկտեմբերի սկզբին Associated Press-ը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, գրել էր, որ նոր որսիչների փորձարկումներն արդեն ընթանում են։ Առնվազն մեկ պաշտպանական ընկերություն հաջող փորձարկում էր անցկացրել։ Արտադրողներն այն ժամանակ գնահատում էին, որ որսիչները մշակելու, բավարար քանակով արտադրելու, համակարգերը տեղակայելու և օպերատորներ պատրաստելու համար կարող է պահանջվել 3–6 ամիս։





























