Մոսկվայի 235-րդ կայազորային զինվորական դատարանը կալանավորել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովին։ Տեղեկությունը դատարանի տվյալների բազայում հայտնաբերել է «Կոմերսանտը»։

Դատարանը կալանավորման որոշումն ընդունել է նոյեմբերի 25-ին։ ՌԲԿ-ի տեղեկություններով՝ Գրեխովին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով)։

Յուրի Գրեխովը 64 տարեկան է։ Նա զինվորական ծառայության մեջ է 1979 թվականից։ 2007-2009 թվականներին զբաղեցրել է Հատուկ նշանակության հրամանատարության ՀՕՊ դիվիզիայի շտաբի պետի՝ դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

2013 թվականին Գրեխովը նշանակվել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ Երկու տարի անց նա համանման պաշտոն է զբաղեցրել Օդատիեզերական ուժերում։ 2021 թվականին դարձել է ՕՏՈւ գլխավոր հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ։

2024 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը Սերգեյ Շոյգուին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Դրանից հետո բազմաթիվ բարձրաստիճան գեներալներ, այդ թվում՝ Շոյգուի տեղակալները, ենթարկվել են քրեական հետապնդման։

2026 թվականի նոյեմբերին Մոսկվայի դատարանը ՌԴ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պատիժը խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վատնման, փողերի օրինականացման և կաշառք ստանալու մեջ։