Ֆրանսիայում ոստիկանները հինգշաբթի մի շարք ակցիաներ կանցկացնեն՝ պահանջելով բարձրացնել հավելավճարները, այդ թվում՝ ռիսկի դիմաց վճարվող գումարը։ BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ակցիաները կանցնեն երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։

Ոստիկանները դժգոհ են իրենց պահանջների վերաբերյալ ներքին գործերի նախարարության պատասխաններից։ Նրանք որոշել են հինգշաբթի՝ նոյեմբերի 26-ին, «համազգային լայնածավալ մոբիլիզացիայի օր» անցկացնել իրենց պահանջները լսելի դարձնելու համար։

Ըստ BFMTV-ի՝ ակցիաներին կմիանան իրավապահ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Սահմանային ոստիկանները նախատեսում են Փարիզի Օրլի օդանավակայանում միտումնավոր ավելի մանրակրկիտ ստուգել ուղևորներին։ Դա կդանդաղեցնի ուղևորահոսքը և կերկարացնի հերթերը։

Ոստիկանների արհմիություններն իրենց անդամներին նաև կոչ են արել ցույցեր անցկացնել ոստիկանական բաժանմունքների մոտ։ Որոշ ակցիաներ սկսվել են դեռ կեսգիշերին։

Աշխատանքային պայմանների դիմաց տրվող հավելավճարների բարձրացում են պահանջում նաև քրեագետներն ու ոստիկանության վարչական, տեխնիկական և մասնագիտացված անձնակազմի աշխատակիցները։

Ավելի վաղ իրավապահները ցույց էին անցկացրել Փարիզում՝ Ելիսեյան պալատի մոտ գտնվող ներքին գործերի նախարարության շենքի առջև։ Մինչ այդ՝ նոյեմբերի 17-ին՝ համազգային ցույցերի օրը, անկարգությունները ճնշելու համար նախատեսված CRS 8 ոստիկանական հատուկ ստորաբաժանման ողջ անձնակազմը ծառայության չէր ներկայացել։