Բանգլադեշում կարի ֆաբրիկաների աշխատողները փակել են մայրուղիները և բախվել ոստիկանների հետ։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է կիրառել, հայտնում է Business Standard-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին աշխատողները փակել են մայրուղիների մի քանի հատվածներ և ցույցեր անցկացրել Սավարում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։ Ոստիկաններն արցունքաբեր գազով և ձայնային նռնակներով փորձել են ցրել ցուցարարներին։
Բախումները սկսվել են նվազագույն աշխատավարձը մինչև 17 հազար տակա (մոտ 138 դոլար) բարձրացնելու մասին հայտարարությունից հետո։ Դա 36%-ով գերազանցում է նախկին նվազագույն աշխատավարձը՝ 12,5 հազար տական (մոտ 101 դոլար)։
Աշխատանքի նախարարության հաստատումից հետո նոր դրույքաչափերը պետք է գործեն դեկտեմբերի 1-ից։ Աշխատողները բարձրացված աշխատավարձն առաջին անգամ կստանան հունվարին։ Որոշումը պառակտել է ցուցարարներին։ Ոմանք պատրաստ են վերադառնալ աշխատանքի, իսկ մյուսները, որոնք պահանջում էին 30 հազար տակա, առաջարկվող 17 հազար տական անբավարար են համարում։
Բողոքի ցույցերի պատճառով իշխանությունները Դաքքայում և ևս վեց շրջաններում տեղակայել են Բանգլադեշի սահմանապահ ծառայության 109 դասակ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը՝ հղում անելով ծառայությանը։ Զինվորականներն ուժեղացնում են առանցքային օբյեկտների և արդյունաբերական գոտիների պահպանությունը։
Բանգլադեշում կարի ֆաբրիկաների աշխատողները բողոքի ցույցերն սկսել են նոյեմբերի 1-ին, երբ իշխանությունները հայտարարել են աշխատավարձերի վերանայման հանձնաժողով ստեղծելու մասին։ Նրանք պահանջում էին նվազագույն աշխատավարձը հասցնել 30 հազար տակայի։ Վերջին անգամ իշխանություններն այն բարձրացրել էին 2023 թվականի դեկտեմբերին՝ 8 հազարից հասցնելով 12,5 հազար տակայի։





























