Անկախ պետությունների համագործակցությունը պատրաստվում է Իրանին գործընկերոջ կարգավիճակ տրամադրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նրա խոսքով՝ խոսքը «ԱՊՀ+» ձևաչափով համագործակցության մասին է։ Այդ ձևաչափին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել էր հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովում։
«Այս հարցը, իհարկե, հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ-ում շատերի շրջանում։ Եվ զգում եմ, որ գնահատականները հիմնականում դրական են», — ասել է Լեբեդևը։ Նա նշել է, որ դրական որոշման դեպքում Իրանը կդառնա այդ կարգավիճակն ստացած առաջին պետությունը։
Փեզեշքիանի խոսքով՝ «ԱՊՀ+» ձևաչափը թույլ կտա ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը և համատեղ հնարավորություններն օգտագործել առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների ու այլ ոլորտների զարգացման համար։ Իրանի նախագահն առաջարկել էր ստեղծել միասնական էներգետիկ ցանց։ Դրա միջոցով «ԱՊՀ+» երկրները կկարողանային համակարգել նավթի, գազի և էլեկտրաէներգիայի արտադրությունն ու մատակարարումները՝ միմյանց շուկայից դուրս մղելու փոխարեն։ Նա նաև առաջարկել էր զարգացնել հաշվարկային և ապրանքափոխանակային մեխանիզմները, որոնք օգնում են պահպանել առևտուրը պատժամիջոցների պայմաններում։
Փեզեշքիանն առաջարկել էր նաև իրանական ենթակառուցվածքն օգտագործել Կենտրոնական Ասիայից Կասպից ծովով դեպի Հարավային Ասիա և Եվրոպա տրանսպորտային միջանցք ստեղծելու համար։ Այդ միջանցքի ստեղծման մասին Թուրքմենստանը խոսել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Իրանի նախագահն ընդգծել էր, որ «Հյուսիս–Հարավ» և «Արևելք–Արևմուտք» միջանցքները պետք է լրացնեն միմյանց, ոչ թե մրցակցեն։
«ԱՊՀ+» ձևաչափը ստեղծվել է 2025 թվականի հոկտեմբերին՝ Ղազախստանի նախաձեռնությամբ։ Այն նախատեսում է ԱՊՀ անդամ չհանդիսացող պետություններին և միջազգային կազմակերպություններին ներգրավել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության մեջ։
Իրանն արդեն մասնակցում է տարածաշրջանային այլ ինտեգրացիոն միավորումների։ Երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ԲՐԻԿՍ-ի անդամ է, ինչպես նաև զարգացնում է տնտեսական կապերը Եվրասիական տնտեսական միության հետ։ 2025 թվականին ուժի մեջ է մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որն ընդգրկում է ապրանքային անվանացանկի գրեթե 90%-ը։





























