Հայաստանը չի կարող չեղարկել Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ ընդունած որոշումները, որովհետև դա անլուրջ կլիներ։ Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ է Հայաստանը զիջումների գնալ Եվրոպայի հետ համագործակցության հարցում, եթե ԵԱՏՄ-ն չվերացնի երկրի նկատմամբ սահմանափակումները։

«Մենք պետք է առաջ շարժվենք։ Նահանջել չենք կարող», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով Մոսկվա կատարելիք այցին՝ Փաշինյանը նշեց, որ կան որոշ նկատառումներ և գաղափարներ։ Նրա խոսքով՝ կողմերը երկկողմ ձևաչափով լուծումներ կփնտրեն։

«Եթե ԵԱՏՄ-ի սահմանափակումները չվերացվեն… Այժմ ակտիվորեն դիվերսիֆիկացնում ենք տնտեսությունը, այդ թվում՝ արտահանումը։ Այս գործընթացը բավականին հաջող է ընթանում։

Իհարկե, ցանկանում ենք խնդիրը լուծել ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք։ Դա անհրաժեշտ է նաև ԵԱՏՄ-ին, որպեսզի միավորումը չկորցնի իր գրավչությունը», - ասաց Փաշինյանը։

Միաժամանակ, իշխանությունների տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է մոտ մեկ քառորդով՝ 25,4%-ով։