Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջшնցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է. կայացել է նրա գործով առաջին դատական նիստը։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը:
«Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահությամբ դատավոր Հրաչ Դաջունցի, տեղի ունեցավ Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը։
Նիստին ներկա էր ՀՀ սահմանն ապօրինի հատած, Շաքի գյուղ մտած և հանցանք կատարած ադրբեջանցին։ Դատական նիստին ներկա չէին տուժող Անի Ավետիսյանն ու նրա երեխաները՝ պայմանավորված առողջական խնդիրներով և երեխաների հոգեբանական վիճակով։ Հանրային մեղադրողը դատարան միջնորդություն ներկայացրեց՝ մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ, քանի որ չէին վերացել փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, ինչպես նաև նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը։ Այնուհետև, տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբան Լիանա Գրիգորյանը, միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց 2026 թվականի դեկտեմբերի 14-ին»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։





























