Նոյեմբերի 26-ի գիշերը Կրասնոդարի երկրամասում հարձակման է ենթարկվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը, որտեղ ուկրաինական անօդաչուների նախորդ հարվածից հետո վերանորոգման աշխատանքներ էին ընթանում։ Այս մասին գործարանի սեփականատեր «Սլավյանսկ ԷԿՕ» ընկերությունը հայտնել է Neftegaz մասնագիտացված պարբերականին։

Ընկերության տվյալներով՝ նավթի մթնոլորտային թորման կայանքն ու մի քանի խողովակաշարեր «զգալի վնասներ» են կրել։ Ավերվել են նաև մուգ նավթամթերքի պահեստավորման տարողությունները, իսկ նավթի պահեստարանները ծակվել են։ Այդ օբյեկտներում «ուժեղ հրդեհներ» են բռնկվել, և նավթի արտահոսք է տեղի ունեցել։

Ընկերությունը հավելել է, որ հարձակման պահին գործարանը չէր աշխատում․ դրա աշխատանքը դադարեցվել էր 2026 թվականի սեպտեմբերին՝ անօդաչուների հարվածից հետո։ Այն ժամանակ հրդեհը մարել են հինգ օր շարունակ։

Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում գտնվող գործարանը կարող է տարեկան վերամշակել 5,2 մլն տոննա նավթ և ապահովում է Հարավային դաշնային օկրուգի նավթավերամշակման ծավալի շուրջ 9%-ը։ Այն վառելիք է մատակարարում նաև բռնակցված Ղրիմին։

Հինգշաբթի Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Սլավյանսկ-նա-Կուբանիում անօդաչուների հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել, որոնցից երկուսը հոսպիտալացվել են։ Վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ճակատային մասերը, կոտրվել են պատուհանները։ Կալինինսկի շրջանի Ստարովելիչկովսկայա գյուղում վնասվել է նաև երեք առանձնատուն։