Եվրամիության երկրների առաջնորդները նոյեմբերի 26-ի գագաթնաժողովում կքննարկեն ԵՄ-ի՝ 2028–2034 թվականների գրեթե 1,6 տրլն եվրո ծավալով նոր բյուջեն, ինչպես նաև Ուկրաինայի հետագա ֆինանսավորումը։ Բանակցությունները կարող են ուղեկցվել միության երկրների միջև լուրջ տարաձայնություններով։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Առաջնորդները բղավելու են, դժգոհելու, պայքարելու պատրաստակամություն են ցուցադրելու։ Նրանց առաջին հերթին հենց դա է պետք։ Նրանց բեկում է պետք, արյուն՝ պատերին, ինչից հետո նրանք կկարողանան համաձայնության գալ», — գործակալությանը հայտարարել է դիվանագետներից մեկը։

Reuters-ի տվյալներով՝ գլխավոր հարցերից մեկը կլինի ԵՄ գործող բյուջեի հաշվին փոխառություններ ներգրավելու միջոցով Ուկրաինային 45 մլրդ եվրոյի վարկ տրամադրելը։

Ընդ որում, Սլովակիան, Չեխիան, Հունգարիան և Բուլղարիան դեմ են վարկի ֆինանսավորմանը մասնակցելուն, մինչդեռ Գերմանիան և մի շարք այլ երկրներ դա համարում են բյուջեի շուրջ ավելի լայն համաձայնության անհրաժեշտ պայման։

Առաջարկվող յոթնամյա բյուջեն նախատեսում է նաև Ուկրաինային մինչև 100 մլրդ եվրոյի հատկացում՝ հիմնականում պաշտպանության և բյուջետային աջակցության համար։ Բացի այդ, ԵՄ-ն ծրագրում է լրացուցիչ միջոցներ ներգրավել եկամտի նոր աղբյուրներից, այդ թվում՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ հնարավոր հարկերից և ածխածնի արտանետումների քվոտաների առևտրից ստացվող եկամուտներից։

Եվրամիության երկրներն ակնկալում են բյուջեի շուրջ վերջնական համաձայնության հասնել դեկտեմբերի 17–18-ի գագաթնաժողովում։ Դրա հաստատման համար կպահանջվի բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությունը։