Իշխանություններն արհեստականորեն խոչընդոտում են Վաղարշապատում «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը։

Տեր Եսայի, այս օրերին ընթանում է Հայաստանի 2028 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի քվեարկությունը, որտեղ Վաղարշապատ քաղաքը ևս հավակնում է ստանալ այդ տիտղոսը։ Այսինքն Վաղարշապատը փորձում է ներկայանալ որպես երիտասարդության համար բաց ու զարգացող քաղաք, մինչդեռ 2500 պատանու համար նախատեսված «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը տարիներով մնում է կանգնած։ Ինչպե՞ս է ստացվում, որ «երիտասարդական մայրաքաղաք» դառնալու հավակնություն ունեցող համայնքում փաստացի արգելափակվում է երիտասարդական կրթական ծրագիրը։

Այո, իշխանություններն արհեստականորեն խոչընդոտում են Վաղարշապատում «Թումո» ծրագրով կրթական կենտրոնի կառուցումը, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Նախատեսվող «Թումո» ծրագրով կրթական կենտրոնը կարող է 2500 պատանու հնարավորություն տալ ստանալու արդիական գիտելիքներ և ձեռք բերելու գործնական հմտություններ։

Նախագծման աշխատանքները վաղուց ավարտվել են, շինարարական ընկերությունն ընտրված է։ Կենտրոնի կառուցման և պահպանության ֆինանսական միջոցներն առկա են։ Սակայն դեռևս 2022 թվականին՝ նախագծի համաձայնեցման փուլում, կենտրոնի կառուցումը բախվել է խոչընդոտների։

Կրթական կենտրոնի համար նախատեսված 4500 քմ տարածքում գտնվող 13 բնակելի շինությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով՝ գրանցելով դրանց նկատմամբ սեփականության իրավունքը։

Հետագայում՝ կառուցվելիք կրթական համալիրի նախագիծը կադաստրային քարտեզի հետ համադրելիս, պարզվել է, որ նախատեսված տարածքն ընդգրկում է նաև Մայր Աթոռի պարսպից ներս գտնվող 384 քմ բակային տարածքը և դրան կից փակուղային փողոցի որոշ հատվածը, որը գտնվում է պարսպից դուրս։ Հենց այդ տարածքների նկատմամբ Մայր Աթոռի սեփականության իրավունքը թյուրիմացաբար չի գրանցվել։

Նշված տարածքները փաստացի օգտագործվել են շինությունների նախկին սեփականատերերի կողմից, սակայն վերջիններիս սեփականությունը չեն հանդիսացել։ Ուստի շինությունների ձեռքբերման արդյունքում այդ հողակտորների նկատմամբ սեփականության իրավունքը չի փոխանցվել Մայր Աթոռին։ Գնման պահին Մայր Աթոռը տեղեկացված չի եղել այս հանգամանքի մասին՝ համարելով, որ սեփականության իրավունքով ձեռք է բերել կրթական կենտրոնի համար պահանջվող ամբողջ տարածքը։

Խնդիրը լուծելու նպատակով Մայր Աթոռը դիմել է Վաղարշապատ համայնքին։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին համայնքի ավագանին միաձայն որոշել է Դարբինյան փողոցում գտնվող 736 քմ հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Էջմիածնի նոտարական գրասենյակում կնքվել է տարածքի նվիրատվության պայմանագիրը։ Սակայն գործընթացը կանգ է առել անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման փուլում․ Կադաստրի կոմիտեն վարույթը կասեցրել է Վաղարշապատ համայնքի ներկայացրած գրության հիման վրա։

Իրավիճակն ավելի է բարդացել 2026 թվականի մարտի 25-ին ընդունված հողային օրենսդրության փոփոխությունների հետևանքով, որոնցով սահմանափակվել է Եկեղեցուն սեփականության իրավունքով հողատարածքների անհատույց տրամադրումը։ Ստեղծված պայմաններում Մայր Աթոռը պատրաստակամություն է հայտնել գնելու խնդրո առարկա տարածքը։ Սակայն Մայր Աթոռի դիմումը մինչ օրս անպատասխան է մնացել։

Ցավոք այս պատմության մեջ ամենամեծ գինը վճարում են երեխաներն ու նրանց ընտանիքները։ Տարածքը, որը կարող էր 2500 պատանու համար դառնալ ժամանակակից կրթության և տեխնոլոգիաների միջավայր, շարունակում է մնալ ամայի։

Այս ֆոնին լարվածություն է նկատվում նաև Վաղարշապատի համայնքապետարանի և Մայր Աթոռի միջև՝ կապված գույքահարկի և հարկային պարտավորությունների վերաբերյալ համայնքի ղեկավարի վերջին հայտարարությունների հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակն ու հնչեցված պահանջները։

Վաղարշապատ համայնքի ղեկավարի հրապարակած պարզաբանումը շրջանցում է խնդրի առանցքային հանգամանքը․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սկզբնապես առաջադրված 118.397.492 դրամի հարկային անհիմն պահանջն 70.846.143 ՀՀ դրամով նվազեցվել է վարչական վարույթի ընթացքում՝ Մայր Աթոռի ներկայացրած փաստարկների և ապացույցների հիման վրա։

Համայնքապետի պարզաբանման մեջ այդ ամենը ներկայացվում է որպես համայնքապետարանի ուսումնասիրության և օրինականության պահպանման հետևանք՝ լռության մատնելով Մայր Աթոռի ներկայացրած ծանրակշիռ փաստարկների ու ապացույցների դերը։ Մայր Աթոռի ներկայացրած առարկությունների արդյունքում սխալ հաշվարկով սահմանված հարկի և դրանից բխող տույժերի պահանջից հրաժարվելը համայնքապետարանի բարեխիղճ աշխատանքի արտահայտություն չէ, ոչ էլ հարկ վճարողին որպես բարի կամքի դրսևորում արված զիջում, այլ՝ օրենքի պահանջի կատարում։ Սեփական հաշվարկների և ընդունած որոշման չհիմնավորված պատասխանատվությունը պետք չէ մեղսագրել Եկեղեցուն։

Համայնքի ղեկավարն ինքն է ընդունում, որ ավելի քան 70 մլն․ ՀՀ դրամի պահանջը վերաբերել է հարկային արտոնության ենթակա 11 գույքերի, սակայն չի բացատրում՝ ինչո՞ւ էին այդ գույքերի համար ի սկզբանե հարկ և տույժեր հաշվարկվել, և ինչո՞ւ էր պահանջի անհիմն լինելն ընդունվել միայն Մայր Աթոռի առարկությունների ու ապացույցների ներկայացումից հետո։

Պահպանված 47.551.349 ՀՀ դրամի պահանջի վերաբերյալ ևս Մայր Աթոռը ներկայացրել է առարկություններ՝ հարկային արտոնության ենթակա գույքերի ներառման, միավորված գույքերի կրկնակի հաշվառման, հարկման ժամանակաշրջանների և տույժերի հաշվարկի անհամապատասխանությունների առնչամբ։ Գանձման որոշումը վիճարկվել է վարչական դատարանում։ Ուստի այդ գումարը որպես Մայր Աթոռի հաստատված և անվիճելի պարտք ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը և մոլորեցնում է հանրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի խուսափում օրենքով սահմանված որևէ հարկային պարտավորությունից, բայց վճռական է պաշտպանելու իր իրավունքները։ Անընդունելի է օրենքով նախատեսված արտոնություններից օգտվելը կամ հարկային անհիմն պահանջը դատարանում վիճարկելը որակել որպես հարկերից խուսափելու դրսևորում։