Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է լայնածավալ հարձակում սկսել Գազայի հատվածում և անկլավի բնակչության զգալի մասին կրկին տեղափոխել հարավ, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կամավոր չզինաթափվի, հայտնում է The Times of Israel-ը։

Կացի վերջնագիրը հնչել է Գազայի հատվածի վերականգնման ծրագիրն առաջ մղելու ուղղությամբ Սպիտակ տան և Խաղաղության խորհրդի ջանքերի ակտիվացման հետնապատկերին։ Իսրայելը պնդում է, որ տարածքի վերականգնումը պետք է սկսվի միայն այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը։

«Կա՛մ ՀԱՄԱՍ-ը կամավոր կզինաթափվի, իսկ Գազայի հատվածը կապառազմականացվի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին համապատասխան, կա՛մ Իսրայելի պաշտպանության բանակը կզինաթափի նրան՝ սկսելով «Գեդեոնի կառքը-2» գործողությունը։ Այն կներառի Գազայի մեկ միլիոն բնակիչների կրկին տեղափոխումը հարավ և տարածքի մաքրագործումը՝ Ռաֆահի ու Բեյթ Հանունի օրինակով»,- հայտարարել է Կացը։

Նա հավելել է, որ Իսրայելը նախկինի պես ունի ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս կազմակերպել Գազայի բնակիչների կամավոր մեկնումն անկլավի սահմաններից դուրս։

Հուլիսին ՀԱՄԱՍ-ը համաձայնել էր Խաղաղության խորհրդի առաջարկած զինաթափման ճանապարհային քարտեզին։ Այն նախատեսում է շարժման կողմից զենքի աստիճանական հանձնում՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերմանը զուգահեռ։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է այդ տարբերակը՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ամբողջությամբ զինաթափվի մինչև իսրայելական զորքերի դուրսբերման մեկնարկը։ Նա նաև խոչընդոտում է կառավարման մարմինների ծավալմանը, որոնք պետք է ապահովեն տարածքի անցումը ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունից նոր վարչակազմին։

Այս պայմաններում Վաշինգտոնում աճում է դժգոհությունն Իսրայելի գործողություններից։ Երկուշաբթի ԱՄՆ հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Իսրայելը վտանգում է դառնալ «մեկուսացված պետություն ամբողջ աշխարհի աչքում», եթե չփոխի Գազայում տիրող իրավիճակի նկատմամբ իր մոտեցումը։

Երեքշաբթի Քուշները հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ կոչ անելով նրան աջակցել ամերիկյան ծրագրի իրականացմանն ուղղված Խաղաղության խորհրդի ջանքերին։ Ըստ զրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրի՝ Իսրայելի վարչապետը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Խաղաղության խորհրդի հետ և վերահաստատել է իր հանձնառությունը ՀԱՄԱՍ-ի զինաթափման ընդհանուր նպատակին։

Միաժամանակ աղբյուրը նշել է, որ Խաղաղության խորհուրդը նախկինում ևս Նեթանյահուից նման հավաստիացումներ է ստացել և այժմ ակնկալում է խոստումների կատարմանն ուղղված իրական քայլեր տեսնել։