Եվրոպական իրավապահ մարմինները կազմակերպված ֆինանսական հանցավորության դեմ պայքարի լայնածավալ գործողության շրջանակում ձերբակալել են 21 կասկածյալի։ Չորեքշաբթի խուզարկություններ են անցկացվել 12 երկրի ավելի քան 300 հասցեներում, հինգշաբթի հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կենտրոնական հատվածում գտնվող Թյուրինգիա դաշնային երկրամասի քրեական ոստիկանության վարչությանը։

Գործողության ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր և տվյալների կրիչներ, խոշոր չափի կանխիկ գումար, ոսկերչական իրեր և շքեղ դասի ավտոմեքենաներ։ Միջոցառումներին մասնակցել են մի քանի երկրի ոստիկաններ, մաքսավորներ և դատախազներ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Գերմանիայի ամենաբնակեցված դաշնային երկրամասի՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի վրա, որտեղ մոտ 100 խուզարկություն է անցկացվել։

Գործողություններ են իրականացվել նաև Բելգիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Իտալիայում, Էստոնիայում և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Ընդհանուր առմամբ դրանց ներգրավվել է իրավապահ մարմինների ավելի քան 3000 աշխատակից։

Քննության վարկածով՝ ձերբակալվածները հանցավոր կազմակերպության անդամներ են, որը խարդախ սխեմայի միջոցով առնվազն 120 միլիոն եվրո է լվացել։

Ենթադրվում է, որ այդ նպատակով Գերմանիայում գործել է առնվազն 22 կարճաժամկետ գործող կեղծ ընկերություն, որոնք հաշիվներ են ներկայացրել իրականում չմատուցված ծառայությունների դիմաց։

Բացի դրանից, կասկածյալները մեղադրվում են առնվազն 18,9 միլիոն եվրոյի հարկերի վճարումից խուսափելու մեջ։