Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող 54-ամյա տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) օգտին լրտեսության մեջ, հաղորդում է dpa-ն։

Հինգշաբթի Գերմանիայում մեկնարկած դատավարության սկզբում նա հայտարարել է, որ իրեն ստիպել են տեղեկություններ հավաքել մի անձի մասին, որը, ենթադրաբար, կապված է Ուկրաինայի զինված ուժերի հետ։

Դատախազության հաղորդմամբ՝ մեղադրյալը հետևել է այդ անձին Գերմանիայի արևմուտքում՝ Ատենդորն քաղաքում։ Դյուսելդորֆի երկրամասային բարձրագույն դատարանում իր փաստաբանի ընթերցած կարճ հայտարարության մեջ տղամարդը խոստովանել է, որ տեղեկություններ է հավաքել հսկողության թիրախի մասին, սակայն չի հստակեցրել, թե ինչպես են իր վրա ճնշում գործադրել։

Ըստ մեղադրանքի՝ հսկողության թիրախը մի անձ էր, որը, ենթադրաբար, Լեհաստանում զբաղվում էր ուկրաինացի փախստականներին հայրենիք վերադառնալուն և մարտական գործողություններին մասնակցելուն նախապատրաստելով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը տեղեկություններ է փոխանցել ԱԴԾ-ին առնվազն 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի մարտի 27-ի իր ձերբակալությունը։ Խուզարկության ժամանակ նրանից առգրավել են երեք բջջային հեռախոս։

Դատախազը հայտարարել է, որ հսկողությունը, հավանաբար, նպատակ ուներ հող նախապատրաստելու Գերմանիայի տարածքում այդ անձի դեմ հետագա հետախուզական գործողությունների համար։

Դատարանը նշանակել է ութ դատական նիստ, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի հունվար։ Օտարերկրյա հետախուզության օգտին լրտեսության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։