Թուրքիայի իշխանությունները հետաքննում են ֆոնդային շուկաներում մանիպուլյացիաների լայնածավալ գործը, որով անցնում է 638 կասկածյալ։ Դրա մասին փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի և գանձապետարանի ու ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի մասնակցությամբ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, հաղորդում է Anadolu-ն։

Ըստ Գյուրլեքի՝ 138 կասկածյալ կալանքի տակ է, 300-ի նկատմամբ կիրառվել են դատական վերահսկողության միջոցներ, ևս 49-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Քննության շրջանակում կալանք է դրվել 550 ֆիզիկական և 184 իրավաբանական անձանց ակտիվների վրա, իսկ նրանց բանկային հաշիվներն արգելափակվել են։ Սառեցվել են նաև արտերկիր դուրս բերված՝ շուրջ 13 միլիարդ թուրքական լիրայի չափով միջոցներ։

Քննության հիմնական մասն ավարտվել է, սկսվել է մեղադրական եզրակացության նախապատրաստումը։ Միաժամանակ քննությունը կարող է ընդլայնվել՝ նոր ցուցմունքների և լրացուցիչ կասկածյալների ի հայտ գալու կապակցությամբ։

Փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտնել է, որ հիմնադրամների լուծարման շրջանակում ներդրողներին կատարվող վճարումներն ուրբաթ օրվա դրությամբ կհասնեն 199,25 միլիարդ լիրայի։ Ըստ նրա՝ միջոցները տրամադրվում են հենց հիմնադրամների ռեսուրսներից, այլ ոչ թե պետական բյուջեից։ Ներդրողների 98%-ն արդեն ստացել է առնվազն մեկ վճարում։

Ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ իշխանություններն արհեստական բանականության կիրառմամբ ֆոնդային շուկայում մանիպուլյացիաների վաղ հայտնաբերման համակարգ կստեղծեն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ներդրողների վստահությունը կվերականգնվի։