Ֆինլանդիան երկու տարով՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը, կերկարաձգի միգրացիան որպես գործիք օգտագործելուն հակազդելու մասին օրենքի գործողությունը, հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը։
Երկրի նախագահը պետք է կառավարության համապատասխան առաջարկը հաստատի ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին։ Օրենքն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ին։
Փաստաթուղթը Ֆինլանդիայի իշխանություններին հնարավորություն է տալիս սահմանափակելու միջազգային պաշտպանության տրամադրման դիմումների ընդունումը պետական սահմանի առանձին հատվածներում և դրա անմիջական հարևանությամբ, եթե միգրացիան օգտագործվում է Ֆինլանդիայի վրա ճնշում գործադրելու համար։ Օրենքի կիրառումը հնարավոր է միայն կառավարության առանձին որոշմամբ և այն դեպքերում, երբ այլ միջոցները բավարար չեն երկրի ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։
«Սահմանների անվտանգության մասին օրենքի շնորհիվ Ֆինլանդիան պատրաստ է ապահովելու սահմանային մարմինների արդյունավետ գործողություններն այն իրավիճակներում, երբ միգրացիան օգտագործվում է որպես ճնշման գործիք»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
Օրենքի բովանդակությունը չի փոխվի։ Ֆինլանդիայի իշխանությունների գնահատմամբ՝ արևելյան սահմանին միգրացիան երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով օգտագործելու սպառնալիքը մնում է բարձր։ Այս գնահատականը հիմնված է սահմանապահ ծառայության և անվտանգության այլ մարմինների տվյալների վրա։
Ֆինլանդիայի և Ռուսաստանի ցամաքային սահմանի անցակետերը փակ են 2023 թվականի դեկտեմբերի 15-ից։ Ֆինլանդիայի իշխանությունները կարծում են, որ ներկայիս իրավիճակը դեռ չի նպաստում արևելյան սահմանը բացելուն։ Անցակետերի փակումը մինչ այժմ բավարար միջոց է եղել միգրացիան որպես գործիք օգտագործելը կանխելու համար, սակայն Հելսինկին մտադիր է պահպանել պատրաստվածությունը իրավիճակի հնարավոր կտրուկ վատթարացմանը։
Սահմանափակումների անհրաժեշտությունը պարբերաբար վերանայվում է։





























