Էստոնիայում դեկտեմբերի 1-ին կփորձարկեն բջջային հեռախոսների արտակարգ ձայնային ազդարարման գործառույթը, որը հնարավորություն է տալիս տագնապի բարձր ազդանշան միացնել նույնիսկ այն դեպքում, երբ սարքն անձայն ռեժիմում է, հայտնում է ERR-ը։

Փորձարկումը կիրականացնի Պետական տեղեկատվական համակարգի դեպարտամենտը (RIA)՝ Փրկարարական դեպարտամենտի, Ահազանգերի կենտրոնի և ՆԳՆ-ի հետ համատեղ։

EE-ALARM ազդարարման համակարգից կրիտիկական կարևորության հաղորդագրություն ստանալիս հեռախոսը 10 վայրկյան շարունակ բարձր ձայն կարձակի և կթրթռա՝ անկախ նրանից՝ միացված է արդյոք անձայն ռեժիմը։ Այդ գործառույթը նախատեսված է անհապաղ գործողություններ պահանջող լուրջ սպառնալիքների մասին ազդարարելու համար, օրինակ՝ անմիջական օդային սպառնալիքի կամ պայթյունի վտանգի դեպքում, երբ մարդիկ պետք է պատսպարվեն։

Ձայնային ազդանշանն ինքնաշխատ կմիանա միայն կրիտիկական կարևորության հաղորդագրություններ ստանալիս։ Մնացած դեպքերում EE-ALARM ծանուցումներին հեռախոսի արձագանքը կախված կլինի օգտատիրոջ կարգավորումներից։

Կրիտիկական կարևորության ազդարարումներ ստանալու համար օգտատերերը պետք է թույլատրեն դրանք Eesti äpp պետական հավելվածի կարգավորումներում։ Այնտեղ կարելի է ստուգել՝ միացված է արդյոք վտանգի մասին ծանուցումների ստացումը։ Բացի դրանից, հեռախոսի կարգավորումներում պետք է թույլատրված լինեն Eesti äpp հավելվածի ծանուցումները և կրիտիկական կարևորության ազդարարումները։ Գործառույթի աշխատանքի համար անհրաժեշտ է հավելվածի առնվազն 1.45.0 տարբերակը։

Եթե կրիտիկական կարևորության ծանուցումները թույլատրված չեն, EE-ALARM հաղորդագրությունները կստացվեն հեռախոսի ծանուցումների սովորական կարգավորումներին համապատասխան՝ պայմանով, որ վտանգի մասին ազդարարումների ստացումը միացված է։

Eesti äpp պետական հավելվածը EE-ALARM ազդարարման համակարգի կապուղիներից մեկն է։ Մյուս կապուղիներից են Ole valmis! հավելվածը, SMS ծանուցումները, շչակների ցանցը և Էստոնիայի ազգային հեռարձակողի ալիքներով փոխանցվող հաղորդագրությունները։

Դեկտեմբերի 1-ի փորձարկման ընթացքում հաղորդագրությունները կտարածվեն Eesti äpp և Ole valmis! հավելվածների միջոցով։